ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Բելառուսը ապտակ հասցրեց Ռուսաստանին. Մոդեստ Կոլերով

Բելառուսը ապտակ հասցրեց Ռուսաստանին. Մոդեստ Կոլերով
09.02.2017 | 14:51

«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը Բելառուսի կողմից ռուսական և իսրայելական քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բաքվին կապում է Ալիև-Լուկաշենկո դաշինքի և Բելառուս-Ռուսաստան սրված հարաբերությունների հետ:
Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Մինսկի այս քայլը ֆունդամենտալ կերպով հակասում է ռուս-բելառուսական դաշինքի սկզբունքներին, և այս գործողությունը ցույց է տալիս, որ Բելառուսը փաստացի դուրս է եկել Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի կազմից:
Կոլերովը նաև նշեց, որ Լապշինի արտահանձնումը հետևանքներ չի ունենա Արցախի համար, քանի որ բոլոր նրանք, ովքեր գնացել են, գնում են և պիտի գնան Արցախ, դա անում են ոչ թե Լուկաշենկոյի թույլտվությամբ, այլ իրենց խղճի թելադրանքով, իսկ «Լուկաշենկոն մեր խիղճը տնօրինողը չէ»:

– Պարոն Կոլերով, ինչո՞ւ Ռուսաստանը, Իսրայելը, Հայաստանը, այնուամենայնիվ, չկարողացան կանխել Լապշինի արտահանձնումը, և ինչո՞վ եք բացատրում Մինսկի այս քայլը:
– Այս քայլը թելադրված է Լուկաշենկոյի և Ալիևի միջև կայացած գործարքով՝ Լուկաշենկոյի Բաքու կատարած վերջին այցի ընթացքում: Ըստ երևույթին, Լուկաշենկոն Բաքվում ինչ-որ պարտավորություններ է վերցրել իր վրա և կատարել է իր խոստումը: Այդ պարտավորությունները արմատապես հակասում են Ռուսաստանի և Բելառուսի դաշինքի սկզբունքներին, և այս գործողությունը ցույց է տալիս, որ Բելառուսը, Լուկաշենկոն փաստացի դուրս են եկել Եվրասիական միությունից և ՀԱՊԿ-ից: Հիմա Բելառուսին պետք է ընդունել որպես ոչ դաշնակից:
– Այսինքն՝ այս ամենը, այդուհանդերձ, Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում է, թեև մյուս կողմից՝ սա նաև կապված է Հայաստանի ու Ղարաբաղի շահերի հետ:
– Իհարկե, դա ակնհայտ է:
– Իսկ ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ մասնավորապես Արցախի համար: Մեզ մոտ մտավախություններ կան, որ սա կարող է նախադեպ դառնալ, այսինքն՝ այսուհետ կարող են Բաքու արտահանձնել Արցախ այցելած այլ մարդկանց:
– Սա որևէ հետևանք չի ունենա Արցախի համար, որովհետև մենք բոլորս, ովքեր գնացել ենք, գնում ենք և գնալու ենք Արցախ, դա անում էինք ոչ այն պատճառով, որ մեզ թույլատրում էր Լուկաշենկոն, այդպես չէ՞: Մենք գնում ենք, որովհետև այդպես է մեզ թելադրում մեր խիղճը, իսկ Լուկաշենկոն մեր խիղճը տնօրինողը չէ: Սա բարդացնում է իրավիճակը, բայց սկզբունքորեն չի փոխում այն:
– Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ է ՌԴ քաղաքացու արտահանձնմանը: Ստացվում է՝ Ռուսաստանի պես հզոր պետությունը լծակներ չունե՞ր Բելառուսի վրա ազդելու:
– Դուք տեսնում եք, որ Լուկաշենկոն ապտակ հասցրեց Ռուսաստանին, սա ապտակ է, և Ռուսաստանը հնարավորություն չուներ ազդելու իրավիճակի վրա:
– Նշանակում է՝ Հայաստանի քաղաքացինե՞րն էլ հիմա պիտի վախենան գնալ Բելառուս, որովհետև նրանց նույնպես կարող են արտահանձնել Բաքու Արցախ այցելելու համար:
– Ֆորմալ առումով՝ այո:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Երևանի արձագանքը: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտող որևէ խոսք չասաց Բելառուսի հասցեին:
– Հայաստանը Եվրասիական միության նոր անդամ է, Հայաստանը ՀԱՊԿ-ի հին անդամ է: Ես համոզված եմ, որ Հայաստանը անելու է ամեն ինչ Եվրասիական միությունը և ՀԱՊԿ-ը պահպանելու համար, և ադեկվատ արձագանք չի լինի:
– Այսպիսով, Դուք չեք բացառում, որ Բելառուսը կարող է իսկապես դուրս գալ Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի կազմից:
– Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Բելառուսը դա հասկացնել է տվել:
Մի շարք միջազգային լրատվամիջոցներ անդրադարձել են Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Ադրբեջանին:
«Բլոգերը բանտարկվել է գոյություն չունեցող երկիր այցելելու համար» հեգնական վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել բրիտանական BBC-ն: Գործակալության թղթակից Ալեքս Դակևիչը նշում է, որ «ծուռ» հայացքներ ունեցող բլոգերը որպես կանոն չէր շոշափում քաղաքական թեմաներ, սակայն հայտնվել է քաղաքական սկանդալի կիզակետում, քանի որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել բլոգերի շարունակական այցերը Լեռնային Ղարաբաղ: «Ամեն ինչ սկսվեց, երբ Լապշինը Լեռնային Ղարաբաղ այցելեց 2011-ին և գրեց դրա մասին իր բլոգում: Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Լապշինին նրա համար, որ վերջինս իր բլոգում սատարել է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, սակայն դա դժվար է ապացուցել, քանի որ բլոգում տեղ գտած հրապարակումները հեռացվել են»,- նշված է հոդվածում: BBC-ն առանձնացրել է նաև Լապշինի դեռևս չջնջված երկու հրապարակումները, որտեղ նա նշում է. «Կարդալով ադրբեջանական մեդիան՝ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանությունները և լրագրողները մտածում են, որ իրենց ժողովուրդը ապուշ է», «Ադրբեջանը չի կարող հարձակվել Ղարաբաղի վրա թե՛ քաղաքական և թե՛ ռազմավարական պատճառներով: Եթե կարողանային, ապա կանեին դա, չէ՞ որ 23 տարի ժամանակ ունեին»: BBC-ի հոդվածում նաև խոսվում է Լապշինի կնոջ մասին, ում չեն թույլատրել տեսակցել ամուսնուն դեկտեմբերի 15-ից հետո:
Բրիտանական Daily Mail պարբերականն արձանագրել է, որ բլոգերին ձերբակալել են Բելառուսում և արտահանձնել Ադրբեջանին՝ վիճարկելի տարածք այցելելու համար:
Իսրայելական Timesofisrael.com-ը, անդրադառնալով թեմային, նշում է, որ իսրայելցի բլոգերին ազատազրկել են, քանի որ նա, վիճարկվող տարածք այցելելով, անհանգստացրել է «միջինասիական ժողովրդի առաջնորդին»: Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը վիճարկելու հայցը առանց որևէ բացատրության մերժվել է տարբեր ատյանների դատարաններում, որոնց նիստերն անցել են դռնփակ ռեժիմով: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Լապշինը մի քանի հրապարակում է արել, որտեղ սուր քննադատության է արժանացրել Իլհամ Ալիևին:


Լապշինի բանտարկության փաստն արձանագրել է նաև «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը: Դեպքի հետ կապված որոշ մանրամասներ ներկայացնելուց զատ՝ հրապարակման մեջ նաև տեղ է գտել Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» աշխատանքները համակարգող Նինա Օգնիանովայի մեկնաբանությունը, որ Լապշինը «չպետք է բանտարկվի իր կարծիքը արտահայտելու կամ վիճարկելի տարածք այցելելու համար»:

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ